Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ֆարմացևտ պրակտիկ 3-4.2009 (15)

Երեխաների ադապտացիան

Երեխաների ադապտացիան

Դպրոցում սովորելու տարիներին երեխան անցնում է մի շարք բարդ պահերի միջով. Առաջին դասարան ընդունվելը, տարրական դասարաններից միջին դպրոց, (5-րդ դասարան) և միջինից բարձր դասարաններ փոխադրվելը (10-րդ դասարան)։

 

ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնեն ծնողները, և որո՞նք են նոր պայմաններին երեխայի հաջող ադապտացման նշանները:


Երեխայի անհատականության զարգացման գործում կարևորագույն դեր ունի վերջինիս դպրոցում ադապտացվելու գործոնը. օրվա անսովոր ռեժիմ, համադասարանցիներ, ուսուցիչներ։ Նշենք, որ սա բնականոն երևույթ է, որն հատուկ է դպրոց ընդունվող կամ դասարանից այլ դասարան տեղափոխվող ցանկացած երեխայի։


Նոր իրավիճակներին հարմարվելու ժամանակահատվածը սովորաբար տևում է 10-18 օրվանից մինչև 1-ից 4 ամիս, այդ փուլն ուղեկցվում է վարքային փոփոխություններով։ Սովորաբարայդ ընթացքում երեխաների մոտ նկատվում է ներքին լարվածություն, ընդգծված անհանգստություն ու գերհոգնածություն, կտրուկ իջնում է ինքնագնահատականը։


Այս առումով առաջին դասարան ընդունվող երեխաները, ովքեր մինչ դպրոցը մանկապարտեզ են հաճախել, ավելի հաջող և թեթև են անցնում ադապտացման փուլը։ Նրանք ավելի պատրաստ են լինում դպրոցին և ուսման հանդեպ ավելի դրական նախատրամադրվածություն ունեն։ Այս երեխաները թե՛ ֆիզիկապես և թե՛ հոգեպես ավելի կայուն են։


Հարմարվելուն նպաստում են նաև դաստիարակության ճիշտ մեթոդների ընտրությունը, ընտանիքում կոնֆլիկտային իրավիճակների բացակայությունը, հասակակիցների շրջանում ունեցած դրական կարգավիճակը, ինչպես նաև, մանկավարժների և երեխաների միջև գոյություն ունեցող շփման ոճը։


Երեխայի վարքում առաջացող հիվանդագին երևույթները ժամանակին կանխելու համար (վատ տրամադրություն, դասավանդվող նյութի դժվար յուրացում, ուսման հանդեպ անտարբերություն, քնի և ախորժակի խանգարումներ, ծայր աստիճան դյուրագրգռություն կամ ագրեսիվություն և այլն) շատ կարևոր է ուսուցիչների հետ սերտ կապերի պահպանումը։


Որպեսզի պարզեք, թե ինչպես է Ձեր երեխան հարմարվում դպրոցին առաջարկում ենք հետևյալ թեստը։


1. Ի՞նչ տրամադրությամբ է երեխան հաճախում դպրոց։


Ա. Ագրեսիվ է, հաճախ` զայրացած կամ վիրավորված։
Բ. Նկատվում են տրամադրության տատանումներ, լացկանություն և ընկճվածություն։
Գ. Տրամադրությունը բարձր է, կամ երեխան հանգիստ և հավասարակշռված է։

 

2. Ինչպե՞ս է երեխան յուրացնում գիտելիքները։


Ա. Բազմաթիվ խիստ կոպիտ սխալներ է թույլ տալիս, շատ առարկաներից առաջադիմությունը ցածր է։
Բ. Անուշադիր է, հաճախ է սխալվում, առարկաներից մեկը դժվարությամբ է յուրացնում։
Գ. Հազվադեպ է սխալներ անում, դասավանդվող նյութը հեշտությամբ է յուրացնում։

 

3. Արդյո՞ք երեխան ակտիվ է դասերի ժամանակ։

 

Ա. Պասիվ և ցրված է։
Բ. Հազվադեպ է ձեռք բարձրացնում դաս պատասխանելու համար, դժվարությամբ է կենտրոնանում։
Գ. Ակտիվ է, սակայն հաճախ սխալվում է։ Շտապում է պատասխանել բոլորից առաջ։

 

4. Ինչպե՞ս է իրեն պահում դասի ժամանակ։

 

Ա. Հաճախակի ցրված է, շատախոս, նկատողություններին չի արձագանքում։
Բ. Երկչոտ և լռակյաց է, նկատողությունները ժամանակավոր ազդեցություն են թողնում։
Գ. Կատարող է, պարտաճանաչ, կարգապահության կանոնները չի խախտում։

 

5. Ի՞նչ հարաբերությունների մեջ է հասակակիցների հետ։

 

Ա. Ագրեսիվ է, դյուրագրգիռ, հաճախ է վիճում, լեզվանի է։
Բ. Բոլորի հետ ընկերական հարաբերություններ ունի, բայց հաճախ է մտնում վիճաբանությունների մեջ և համակրանքի        «նախընտրությունները» փոփոխական են։
Գ. Ընկերասեր է, շփվող և բարի։

 

6. Ինչպե՞ս է իրեն պահում դասամիջոցին։

 

Ա. Հաճախ է խախտում կարգապահության կանոնները, կամ ընդհակառակը, նախընտրում է միայնակ մնալ։
Բ. Չի կարողանում իր համար զբաղմունք գտնել, անդադար փոխում է խաղընկերներին։
Գ. Շփվում է հասակակիցների հետ, մասնակցում է խմբակային խաղերին։

 

7. Ինչպիսի՞ փոխհարաբերությունների մեջ է ուսուցիչների հետ։

 

Ա. Անտեսում է նրանց, ագրեսիվ է։
Բ. Խուսափում է շփումներից, իրեն կորցնում է և ամաչկոտ է։
Գ. Ձգտում է շփման և խնամքով փայփայում է իր ձեռքբերումները։

 

Արդյունքների ամփոփում

 

Եթե դրական պատասխանների մեծամասնությունը համընկնում է «Ա» տարբերակին` նշանակում է, որ ձեր երեխան կոլեկտիվում ադապտացվելու դժվարություններ ունի։ Հավանականությունը քիչ է, որ նա միայնակ կկարողանա լուծել այդ խնդիրը։ Խորհուրդ ենք տալիս դիմել հոգեբանին։


Առավելապես «Բ» տարբերակին համընկնող պատասխանների առկայությունը վկայում է, որ երեխան մեղմ բնավորություն ունի և «ընտանեկան» դաստիարակություն է ստացել։ Նման երեխաներն ամենից շատ քաջալերման և մեծերի հավանության կարիքն ունեն։ Անպայման խոսեք այդ մասին ուսուցչի հետ։


Այն դեպքում, երբ դրական պատասխանների մեծ մասը համընկնում է «Գ» կետին, ուրեմն Ձեր երեխան ադապտացման մեծ ունակություններ ունի։


Հարկ է նշել, որ ադապտացման ժամանակահատվածում երեխան շատ էներգիա է սպառում։ Ուստի, հոգացեք, որ նրա սնունդը լիարժեք լինի, ստեղծեք հանգստի, խաղերի և քնի համար բարենպաստ պայմաններ։ Օրվա առողջ ռեժիմի պահպանման, ծնողների կողմից աջակցության, ինչպես նաև մանկավարժների հետ համագործակցելու պարագայում ցանկացած երեխա հաղթանակած դուրս կգա ադապտացման բարդ փուլից։

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 3-4 2009 (15)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ